ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայ երաժշտության անդաստանում Կոմիտասի կատարած աշխատանքն անգնահատելի է։ Լինելով բազմակողմանի օծտված արվեստագետ՝ նա հանդես եկավ, որպես հայ երաժշտագիտության հիմնադիր։ Խստապահանջ, համարձակ, սուր մտքի տեր Կոմիտաս-գիտնականն առաջինը խորապես ուսումնասիրեց հայ ժողովրդական եւ հոգևոր երաժշտությունը, ճշմարտացիորեն մեկնաբանեց և լուսաբանեց այն՝ ապացուցելով ողջ աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Նա իր բազմաթիվ տեսական աշխատություններով հիմք դրեց հայ երաժշտագիտական մտքին և երաժշտության պատմության նոր շրջանին։ Կոմիտասի տեսական ուսումնասիրությունները տպվել են ոչ միայն հայ, այլև գերմանական, ֆրանսիական հանդեսներում։ Սակայն նա ունեցել է նաև չհրատարակված աշխատություններ, որոնք, ցավոք, չեն պահպանվել։ Տեսական լուրջ ուսումնասիրություններն իրականացնելու գործում Կոմիտասին օգնեցին հիանալի կրթության արդյունքում ձեռք բերված խորը գիտելիքները եւ արևելյան ու, հատկապես, հայ երաժշտության փայլուն իմացությունը։
Հայ հանճարեղ կոմպոզիտորի երաժշտագիտական աշխատությունները տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Կոմիտասի կարծիքով, «այդպիսի աշխատանքը անթերի եւ խղճմտորեն կատարելու համար մեկ մարդու կյանքը հերիք չէ։ Եվրոպական որեւէ ազգի երաժշտության պատմությունն ուսումնասիրելու համար հարյուրավոր մասնագետներ են աշխատել, դարերով են քննադատել, տասնյակ ընկերություններ են օժանդակել և հարյուրավոր հատորներ են հրատարակվել։ Բարի-բարի ցանկություններով ազգային երաժշտության պատմություն չի գրվել, մանավանդ հայ երաժշտության»։
Կոմիտասի գործունեությամբ հայ երաժշտա-տեսական միտքը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Նրա շնորհիվ հայ երաժշտագիտությունը դրվեց ճիշտ ուղու վրա՝ առաջ բերելով որոշակի համակարգ։

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ


Ավանդությունը հայոց եկեղեցական հին եղանակների գյուտը կամ կարգավորությունը, որ ամենայն հավանականությամբ գրերի գյուտի շրջանի արդյունքն է, վերագրում է ս. Սահակին։ Իսկ մինչև գրերի գյուտը հայոց եկեղեցիներում երգեցողությունը սաղմոսերգությունն էր։ Ժամանակի անցնելով սաղմոսերգությանը կից զարգացան շարականի եղանակները։
Արդյոք սաղմոսերգությունն ինչպիսի եղանակներով էր երգվում, հայտնի չէ. հավանականաբար ժողովրդական հին եղանակներով։
5-րդ դարում գրերի գյուտը, ս. գրքի թարգմանությունը հոգևոր երգեր առաջ բերին։ Հետզհետե զարգացավ եկեղեցական պաշտամունքն ու ժամերգությունը։ Հանդես եկան մի շարք երգիչներ, հորինեցին շարականներ, ճառեր, ներբողներ՝ եկեղեցական, տերունական եւ սրբոց տոների նշանակությունը ժողովրդին բացատրելու նպատակով։ Այսպես սաղմոսերգությունը տեղի տվեց շարականի եղանակներին։

Շարականի եղանակներից հետո կամաց-կամաց հանդես եկան տաղերի, գանձերի, ավետիսների և այլ հոգևոր երգերի տեսակներ՝ հանդիսավոր ժամերգության պահանջից։
Սոքա ևս ներբողներ են, միայն ժողովուրդն էր երգում։ Սոքա ժամանակի ընթացքում այնքան բազմացան և ճյուղավորվեցան, որ յուրաքանչյուր եկեղեցական տոն հատուկ տաղն ուներ։ Սոցանից առանձին-առանձին ժողովածու կազմեզավ, Տաղարան, Գանձարան, Երգարան անունով։

Տաղեր. սոցա բովանդակությունը պատկերացնում է պարզ կամ այլաբանորեն Քրիստոսի տնօրինություններն և սրբերի կյանքի, նահատակության Որևէ նշանավոր և ազդեցիկ րոպեն։
Գանձեր. սոքա արտահայտում են աշխարհի համար մաղթանք։ ԺԴ դարի վերջերում և մանավանդ, ԺԵ դարում գանձերը մեռելների վրա էին երգում, նոցա բերանից խոստովանելով զղջումը եւ աշխարհի ունայնությունը։ Գանձերի եւ տաղերի զանազանությունն այն է, որ առաջիններն իսկապես ճառեր են, արտաքին ձևը փոխած՝ տաղաչափական։
Ավետիսներ. սոցա նյութը առնված է ս. Ավետարանից հրեշտակների հովիվներին մանուկ Հիսուսի ծնունդն ավետելու րոպեն։ Ավետիսները վերագրում են Մ. Խորենացուն։
Շարականների բովանդակությունը շատ հարուստ է. արտահայտում է կրոնական զգացմունք։ Բովանդակության գլխավոր մասերն՝ ա. հավատի էական մասը. բ. Քրիստոսի տնօրինությունները. գ. եկեղեցու խորհուրդները. դ. ս. գրքից կտորներ, որոնք լուսաբանում են Քրիստոսի տնօրինությանց որեւէ գաղափարը. և ե. սրբերը, որոնք նպաստեցին քրիստոնեական ճշմարիտ լուսո տարածման։ Այսպիսի բազմակողմանի բովանդակություն ունեցող բանաստեղծական մի ս. գիրք, անշուշտ, պետք է որ ունենար և բազմապիսի եղանակ, համապատասխան կրոնական զգացմունքին։
Այս հանգամանքը բացատրվում է այսպես. տաղերի, գանձերի և մյուս հոգևոր երգերի եղանակները զանազան դարերում, այլ անձանց ճաշակին նայելով, փոփոխվել և աճել են, որովհետև սոցա գործածությունը ստիպողական չէ եղած, իսկ շարականի եղանակները պարտադիր և գործածության մեջ սահմանափակ լինելով՝ չեն փոխվել ըստ էության։ Թեպետ ԺԸ դարից հետո Կ. Պոլսո հարուստ և դեպի եկեղեցական եղանակները սեր ունեցող ամիրաների առատաձեռնությունից և հովանավորությունից օգուտ քաղեցին մի քանի տիրացուներ եւ մրցման ասպարեզ մտան, ջանք թափելով միմյանց գերազանցել կամայական կլկլանքներով և գեղգեղանքներով, որոնք բավական նպաստեցին եղանակների նախկին պարզության խախտման։ Այնուամենայնիվ շարականի եղանակներն ըստ էության անփոփոխ հասել են մեզ։
Մանրուսումն. Հին երաժիշտները Մանրուսումն ասելով հասկանում էին ուսումն եկեղեցական երգերի, եղանակների և խազերի մասին։
Մանրուսումն լիակատար իմացողները թերևս թվով շատ քիչ են եղել, որոնք և թաքստի են պահել իրենց գիտությունը ճիշտ այնպես, ինչպես հիսուն տարի առաջ Կ. Պոլսո հայ երաժիշտները՝ նոթաճիները արդի հայ իսկական ձայնագրությունը հացի խնդիր էին դարձրել։ Եթե երաժիշտները, որոնք իմաստուն կամ փիլիսոփա էին կոչվում այն ժամանակի լեզվով, չթաքցնեին, մյուս ձայնագրած, բազմաթիվ ձեռագիր կամ արտագրած երգարանների հետ մեր ձեռքը հասած կլիներ գոնե մի քանի օրինակ ևս ձեռնարկ հին խազերի և եղանակների մասին, որոնք Մանրուսման նյութն են։

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱժՇՏՈՒԹՅՈՒՆ


Հայկական եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը հիմնված է ոչ թե եվրոպական ութնյակի սիստեմի վրա, այլ քառալարի սիստեմի վրա՝ այնպես, որ նախորդ քառյակի վերջին ձայնը դառնում է հաջորդի առաջին ձայնը։


ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՔ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ

Քառյակների դրությամբ են հորինված և մեր թե՛ ժողովրդական, թե՛ եկեղեցական եղանակները, որոնք քույր-եղբայր են եւ նույն կազմությունն ունին։ Քառյակների դրության չենթարկվողներն օտարամուտ են։

Մեր երաժշտությունն էլ յուր ամբողջ ազգային ոգովն և ոճով նույնքան արևելյան է, որքան պարսիկ-արաբացին. բայց ո՛չ պարսիկ-արաբականը մերն է, և ո՛չ էլ մերը նորա մի մասն է. այլ խնդիր է, թե նոցա ազդեցությանն է ենթարկվել. ճիշտ այնպես, որպես մեր լեզուն հնդ-եվրոպականի մի ճյուղն է, այսպես են և պարսկերենը, քրդերենը, գերմաներենը, և այլն, բայց մեր լեզուն ո՛չ գերմաներեն, ո՛չ քրդերեն եւ ո՛չ էլ պարսկերեն է։
Երաժշտության և լեզվի շեշտադրության օրենքները սերտ կապ ունին։ Երկուսի շեշտերն անբաժան ընթանալով մի անքակտելի ներդաշնակություն պետք է ներկայացնեն. հակառակ դեպքում լեզվի և եղանակի դաշնակը հիմն ի վեր խանգարվում է,որովհետև, ուր լեզուն է շեշտվում, երաժշտությունն անշեշտ է, և ընդհակառակն՝ այսպես քաշ է գալիս եղանակը։

ՇԱՐԱԿԱՆԻ ԽԱԶԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջնակետին չեմ հասել. զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար, նույնիսկ տասնյակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում։ Իսկ ձեռքիս տակ եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են։
Թող հայ հասարակությունը ներող, մանավանդ համբերող լինի, մինչև որ հնարավոր չափով, կատարելապես վերջացնեմ իմ տասնվեցամյակից ավելի տևող տաժանագին ուսումնասիրություններս։ Հույս ունիմ թե մոտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարակության սեփականություն պետք է դառնա։