ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿ

«Հայ հյուրերի արվեստն
իրենց հայրենիքի արևի
նման վառ է և շողշողուն»:
Լրագիր «Ցինյա» (21/01 1950)

Ժամանակակից կատարողական արվեստի նշանակալից երևույթներից մեկը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ, Կոմիտասի անվան պետական լարային քառյակն է: Կամերային անսամբլներից քչերին է հաջողվում երկար ապրել և, մանավանդ, պահպանել գեղարվեստական ինքնատիպությունը: Եզակիներից մեկն էլ Կոմիտասի անվան լարային քառյակն է, որը 2004 թվականին բոլորում է իր գոյության 80 տարին:
Այն «ծնվել» է 1924 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե.Գուզիկով): Ստեղծման առաջին իսկ ամիսներից «Մոսկվայի Կոնսերվատոչիայի առաջքաշվածների քառյակը» գրավեց ոչ միայն երաժշտասեր հասարակայնության, այլև մասնագետների ուշադրությունը:
«Այս երիտասարդ քառյակը ոչ հեռու ապագայում կգրավի առաջին տեղերից մեկը»: Երկար ժամանակ չպայանջվեց, որպեսզի Մ.Իպոլիտով-Իվանովի այս խոսքերն իրականություն դառնան: Օրեցօր զարգացում ապրելով՝ քառյակը մեծ սեր ու ճանաչում ձեռք բերեց: Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին նրան շնորվեց մեծն Կոմիտասի անունը:
«Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է ունենալ կատարողական մեծ արվեստ, հուզականություն, անմիջականություն, բարձր կուլտուրա:
Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է արվեստն ի սպաս դնել ժողովրդին:
Կոմիտասի անունը կրել, վերջապես, նշանակում է, եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել հայ երգը գտնելու, ձայնագրելու, մշակելու համար, ապա գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ հայ և համաշխարային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու համար բոլորին և ամենից առաջ սեփական ժողովրդի ամենալայն զանգվածներին»: (Հ.Խանջյան)
Կարճ ժամանակամիջոցում քառյակն աննախադեպ առաջընթաց ապրեց. ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության հայտարարած մրցույթում (1936) այն արժանացավ առաջին մրցանակի, լարային քառյակների համամիութենական մրցույթում (1938), Մեծ թատրոնի քառյակի հետ, նորից դարձավ առաջինը:
Գործունեության վաղ շրջանից սկսած կոմիտասցիները խոշոր ծառայություն մատուցեցին կվարտետային երաժշտության պրոպագանդմանը, նրանց շնորհիվ վերջինս մատչելի դարձավ ունկնդիրների լայն շրջանակին՝ անկախ ազգային պատկանելիությունից, մասնագիտությունից, նախասիրություններից:
Կոմիտասի անվան լարային քառյակի երկացանկը հարուստ է և ընգրկում է արևմտաեվրոպական ու ռուս երաժշտության նշանակալից երկերը՝ Հայդնից, Մոցարտից ու Բեթհովենից մինչեւ Շուման, Շուբերտ, Մենդելսոն, Գրիգ, Ռավել, Դեբյուսի, Բորոդին, Չայկովսկի, Պրոկոֆև, Շոստակովիչ... Մեծ թվով կվարտետներ առաջին անգամ հնչել են հենց Կոմիտասի անվան քառյակի կատարմամբ:
Սերտ կապի մեջ լինելով հարազատ ժողովրդի երաժշտական աշխարհի հետ՝ կոմիտասցիները քաջալերեցին հայ երաժշտության նոր «բնագավառի» ծնունդը, նրանց գործունեությունը խթան հանդիսացավ հայ կվարտետային երաժշտության զարգացման համար: Հարո Ստեփանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի երկերի կողքին քառյակի նվագացանկի անբաժանելի մասն են կազմում Կոմիտասի երգերի մշակումները:
Կվարտետային երաժշտության այդ սքանչելի մշակումների հեղինակը քառյակի հիմնադիր-թավջութակահար Սարգիս Ասլամազյանն է, որի գրչին են պատկանում նաև Հենդելի «Պասակալիա»-ի, Պագանինիի 24 կապրիսների, Գրիգի «Սոլվեյգի Երգ»-ի մշակումները:
Կոմիտասյան երգերի ասլամազյանական մշակումներով քառյակը պրոպագանդում է Կոմիտասի բարձրացրած ժաղովրդական երաժշտության սկզբունքները, հաստատում հանճարեղ կոմպոզիտորի այն միտքը, թե ժողովրդական երգը մեծ դեր է խաղալու ապագայի իսկական ու բարձր երաժշտության կողմնորոշման համար:
Իր մշակումներում Ասլամազյանը խորապես զգում և հասկանում է հայ ժողովրդական երգի ոգին, մշակում նրբորեն՝ պահպանելով նրան հատուկ երաժշտական ցայտուն կերպարը, գեղարվեստորեն հղկելով նրա ֆակտուրան: Կոմիտաս-Ասլամազյան մշակումների շնորհիվ օտարազգի ունկնդիրները նույնպես ծանոթացան հայ երաժշտությանը, կրկին ու կրկին համոզվելով, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն:
Կոմիտասցիների հետ բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ Ա.Գոլդենվեյզերը, Է.Գիլելսը, Կ.Իգումնովը, Դ.Շոստակովիչը, Վ.Մերժանովը, Ն.Պերելմանը և այլոք:
Կոմիտասի անվան լարային քառյակն իր գոյության ութ տասնամյակի ընթացքում հազարավոր համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Կանադայում, ԱՄՆ-ում... Եվ ամենուր նրա համերգներն անցնում են մեծ հաջողությամբ՝ ուղեկցվելով լեփ-լեցուն դահլիճների բուռն ծափահարություններով:
«Կատարողներից յուրաքանչյուրը վիրտուոզ է: Վիեննան երկար տարիներ սպասեց այսպիսի անսամբլին ունկնդրելուն ու զգաց, որ իր սեփական լարային քառյակներից և ոչ մեկը փայլով ու փառքով նույնիսկ մոտ չի կարող կանգնել Կոմիտասի անվան քառյակին»,- այսպես է գրում ունկնդիրներից մեկը Վիեննայում կայացած համերգից հետո:
Լսելով Կոմիտաս-քառյակի կատարումն ԱՄՆ-ում՝ մի երաժշտաքննադատ գրում է. «Խորհրդային Միության մի հանրապետությունից չորս երաժիշտները, կարծեք, կախարդել էին լսարանին... Լա՛վ են նվագում հայերը»:
Քառյակի երաժիշտներից յուրաքանչյուրի կատարողականությունը մշտապես աչքի է ընկել անհատականությամբ և ինքնատիպությամբ. միևնույն ժամանակ նրանք անքակտելիորեն կապված են և լրացնում են միմյանց՝ կազմելով օրգանական ամբողջություն: Կոմիտասցիների ելութների ժամանակ անհատականը դառնում է կոլեկտիվ, իսկ կոլեկտիվը՝ անհատական:
Չնայած քառյակի պատմության ընթացքում նրա կազմը բազմիցս փոփոխվել է, այդուհանդերձ անսամբլի նվագը միշտ աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով, չափի զգացումով: Քառյակը երբեք չի տարվում արտաքին էֆեկտներով, նվագում է զուսպ, բայց ներքին ջերմությամբ:
Հուսանք, որ հետագայում նույնպես անսամբլի երաժիշտներից յուրաքանչյուրն, իր ներդրումն ունենալով, նաև կպահպանի ու կզարգացնի տասնամյակներ առաջ արմատացած ավանդույթները՝ միշտ արժանագույն կերպով տանելով Կոմիտասի անունը երկրից երկիր, աշխարհից աշխարհ:
«Կոմիտասի անվան քառյակը հանդիսանում է հայ ազգային կատարողական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկը, այդ արվեստի պարծանքը:
Նրա համերգները միշտ ՄԵԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ են՝ առաջին նոտայից մինչեւ վերջինը...» (Էդ. Միրզոյան)

 

Կոմիտասի անվան լարային քառյակի կազմը

1925-1933
Ավետ Գաբրիելյան
Լևոն Օհանջյանյան
Միքայել Տերյան
Սերգեյ Ասլամազյան
1933-1936
Ավետ Գաբրիելյան
Գրիգորի Սարաբյան
Միքայել Տերյան
Սերգեյ Ասլամազյան


1936-1938
Ավետ Գաբրիելյան
Գրիգորի Սարաբյան
Նիկիտա Բալաբանյան
Սերգեյ Ասլամազյան


1938-1947
Ավետ Գաբրիելյան
Նիկիտա Բալաբանյան
Միքայել Տերյան
Սերգեյ Ասլամազյան

1947-1968
Ավետ Գաբրիելյան
Ռաֆայել Դավիդյան
Հենրիկ Թալալյան
Սերգեյ Ասլամազյան

1968-1970
Ավետ Գաբրիելյան
Ռաֆայել Դավիդյան
Հենրիկ Թալալյան
Արմեն Գեորգիան
1970-1972
Ավետ Գաբրիելյան
Էդուարդ Թադեւոսյան
Հենրիկ Թալալյան
Արմեն Գեորգիան

1972-1976
Ավետ Գաբրիելյան
Էդուարդ Թադեւոսյան
Գրիգորի Մարկազյան
Դավիթ Գրիգորյան

1976-1984
Էդուարդ Թադևոսյան
Հակոբ Մեքինյան
Յակով Պապյան
Ֆելիքս Սիմոնյան

1984-1990
Էդուարդ Թադեւոսյան
Սուրեն Հախնազարյան
Յակով Պապյան
Ֆելիքս Սիմոնյան
1990-2000
Էդուարդ Թադևոսյան
Սուրեն Հախնազարյան
Ալեքսանդր Կոսեմյան
Ֆելիքս Սիմոնյան
2000-առ այսօր
Էդուարդ Թադևոսյան
Սուրեն Հախնազարյան
Ալեքսանդր Կոսեմյան
Արամ Թալալյան