Երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, սրնգահար, մանկավարժ. բեղուն է եղել նրա գործունեությունը:

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Նա մաքրեց հայ երաժշտությունն օտարամուտ տարրերից և ապացուցեց ողջ աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Լինելով հայ երաժշտության մեծ գիտակ` Կոմիտասը ստեղծեց հայ ազգային մոնոդիկ (միաձայն) մտածողության և եվրոպական բազմաձայնության ինքնատիպ սինթեզ։ Նա հավաքեց ու գրի առավ հազարավոր ժողովրդական երգեր, ուսումնասիրեց եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը` համարելով դրանք «քույր-եղբայր»։ Կոմիտասը զբաղվեց Նաև խազերի (հայկական նոտագրության) ուսումնասիրությամբ, ստեղծեց Պատարագ։

Ցավոք, հանճարեղ երաժշտի գիտակցական ու ստեղծագործական բեղմնավոր ուղին կարճատև եղավ։ Կոմիտասին վիճակվեց կիսել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը. իր բազմահազար հայրենակիցների հետ նա էլ «նահատակվեց» 1915 թվականի Եղեռնի ժամանակ` հոգեկան խոշոր ցնցումներից կորցնելով հոգու և մտքի հավասարակշռությունը։

Այսօր, երբ լրանում է հայ մեծ դասականի 144-ամյակը, կարող ենք իրավամբ ասել. «Կոմիտասն եկավ հայ ժողովրդի կյանքի ու հոգևոր մշակույթի բազմադարյան պատմության խորքերից ու վեր խոյացավ` երեսը դարձրած դեպի նրա զարգացման նոր ու հեռասլաց ուղիները»։