ԿՈՄԻՏԱՍԻ ՊԱՏԱՐԱԳԸ

 

«Արական երգչախմբի hամար գրված
Պատարագը ոչ միայն Կոմիտասի ստեղ-
ծագործական ուղու գագաթնակետն է,
այլև հայ հոգեւոր երաժշտության զար-
գացման բոլորովին նոր փուլ»։

Գ. Գյոդակյան

Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի ուշադրությունը ժողովրդական երգի հետ մեկտեղ զբաղեցրել է նաև հոգևոր երաժշտությունը։ Մեծանալով Էջմիածնում, կրթություն ստանալով և աշխատելով հոգևոր ճեմարանում՝ նա չէր կարող անտարբեր մնալ հայ հոգևոր երաժշտության նկատմամբ. այդ իմաստով պատահական չէր նրա կողմից Պատարագի ստեղծումը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում, կոմիտասյան խնամատար հանձնաժողովի ջանքերով, «Դաշնավորյալ երգեցողությունք սրբո պատարագի, վասն միասեռ արական խմբի» խորագրով։ Բնագիրը սեւագրությունից վերծանել և խմբագրել է Կոմիտասի սան, կոմպոզիտոր և խմբավար Վարդան Սարգսյանը։
Կոմիտասյան Պատարագը տարբերվում է բոլոր նախորդ նմանօրինակ գործերից, այդ թվում Մակար Եկմալյանի Պատարագից։ Չնայած վերջինս քննադատության է ենթարկվել Կոմիտասի կողմից իր «Երգեցողությունք Ս.Պատարագի» գրախոսականում, այդուհանդերձ կոմպոզիտորը բարձր է գնահատել Եկմալյանի ստեղծագործությունը՝ անվանելով այն «ներդաշնակության անդրանիկ բուրաստան հայ երգեցողության ամայի անդաստանի մեջ»։
Կոմիտասի Պատարագն առանձնանում է իր ինքնատիպությամբ, համարձակ նորարարական կողմերով և, նույնիսկ, հագեցած է աշխարհիկ ոգով։ Ահա թե ինչու հայ եկեղեցին այն չէր ընդունում՝ համարելով իր ոգուն անհամապատասխան։
Կոմիտասը ձգտում էր ստեղծել ազգային Պատարագ։ Նա աշխատում էր հայ եկեղեցու բազմադարյան երգեցողությունը մաքրել օտար շերտավորումներից, վերականգնել ազգային ոճաձևերի անաղարտ գեղեցկությունը, զուսպ ու վեհ պարզությունը, հասնել ինտոնացիոն և ոճական մաքրության։ Վերամշակելով հայ եկեղեցական մոտիվները՝ Կոմիտասը խուսափել է ավելորդ գեղգեղանքներից՝ աշխատելով հնարավորինս բյուրեղացնել եղանակների կազմությունը, ինչպես նաև սերտ կապ ստեղծել երաժշտության և լեզվի շեշտադրության միջև։
Պատարագի պարտիտուրի ստեղծմանը, այն բազմաձայնելուն նախորդել է մեղեդիների ընտրության երկարատև աշխատանքը։ Ինքնատիպ, օտար ազդեցություններից զերծ մեղեդիների ընտրության նպատակով Կոմիտասը դիմում էր գյուղական համեստ տիրացուներին, որոնք ավանդական ձևով էին կատարում այդ մեղեդիները։ Հայտնի է, որ կոմպոզիտորն ուներ Պատարագի մշակման մի քանի տարբերակ։ Այդ մասին նա գրում է իր նամակներից մեկում. «Հայկական Պատարագն ունեմ յոթ տեսակ բազմաձայն դաշնակած, բայց չի տպված»։
Կոմիտասի Պատարագը կատարյալ է իր տեսակի մեջ. բավական է հիշեցնել «Խորհուրդ խորին»-ը, «Տեր, ողորմեա»-ն, «Գոհանամք»-ը։ Այն պոլիֆոնիկ բազմաձայնության հիանալի օրինակ է, որում կոմպոզիտորը խնդիր է դրել պոլիֆոնիկ միջոցներով և հնարների լայն օգտագործմամբ հասնել խորը և արտահայտիչ խմբերգային հնչողության։ Նա ջանում է բազմաձայնության միջոցներով հնարավորին չափ ճշմարտացի և արտահայտիչ ներկայացնել հայ հոգևոր մոնոդիայի ոգին ու բնույթը։ Բարձր պրոֆեսիոնալիզմի, խմբերգային արվեստի առանձնահատկությունների հիանալի իմացության, պոլիֆոնիկ սկզբունքների անկաշկանդ կիրառման, հայ եկեղեցական երաժշտության ազգային բնույթը վերհանելու կարողության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է մեծարժեք ստեղծագործություն՝ հայկական Պատարագ։
Վերջինս որքան բեմական-համերգային, նույնքան և բուն արարողական երկ է՝ օժտված ոճական միասնականությամբ։ Այն հայ հոգևոր երաժշտության բազմաձայն մշակման մեծագույն նվաճումներից է։
«Հայ հոգևոր երաժշտության մեծագույն հրաշակերտն է այս պատարագը, ուր մեր հին եկեղեցական մեծ երաժիշտներուն ստեղծած վսեմ մեղեդիները՝ իրենց տոհմային մաքուր ու բնորոշ ձևին մեջ վերահաստատված՝ բազմաձայն երգեցողության վերափոխված են, հիմնական եղանակներուն նկարագրովն ու գույնովը տոգորված, զանոնք հավատարմորեն ընդլայնող, շեշտող ու ճոխացնող դաշնակմամբ մը, մերօրյա հանճարեղ երգահարդարի ձեռքով»։ (Վարդան Սարգսյան)