ԿՈՄԻՏԱՍԻ ԽՄԲԵՐԳԵՐԸ

Լինելով հիանալի խմբավար՝ Կոմիտասը ստեղծել է բազմաթիվ խմբերգեր։
Եթե մեներգերն աչքի են ընկնում լիրիկական, սոցիալական, լիրիկա-հոգեբանական բովանդակություն ունեցող թեմաների բազմազանությամբ, ապա խմբերգերի մասին խոսելիս առաջին հերթին պետք է նշել դրանց ժանրային հարստությունը, քանի որ կոմպոզիտորը խմբերգային մշակման է ենթարկել հայ ժողովրդական երգի գրեթե բոլոր ժանրերը (աշխատանքային երգեր, պարերգեր, լիրիկական, լիրիկա-կենցաղային, ծիսական-արարողական)։
Կոմիտասի խմբերգերում բացահայտվում են ժողովրդի կյանքի և կենցաղի տարբեր կողմերը, զգացմունքներն ու ապրումները։
Չնչին բացառությամբ, Կոմիտասի բոլոր խմբերգերը գրված են ա կապելլա երգչախմբի համար։ Սա վկայում է, որ կոմպոզիտորը ձգտել է հասնել վոկալ արվեստի արտահայտչական հնարավորությունների առավելագույն օգտագործման։
Կոմիտասի խմբերգերն աչքի են ընկնում պոլիֆոնիկ բարձր վարպետությամբ։ Լավ իմանալով հայ ժողովրդական երգի առանձնահատկությունները՝ Կոմիտասը ստեղծել է ինքնատիպ բազմաձայնություն, որը բխում է հայ ազգային երաժշտության ակունքներից՝ հայկական մոնոդիայից։ Կոմիտասյան խմբերգերում ձայներից յուրաքանչյուրն առանձնանում է անհատականությամբ և ինքնուրույնությամբ։
Կոմպոզիտորի ժառանգության մեջ կան երգեր, որոնք նա մշակել է և՛ որպես մեներգ, և՛ որպես խմբերգ։ Օրինակ, «Գարուն ա»-ն, «Ծիրանի ծառը», «Քելեր-ցոլերը», «Ալագյազը», «Հոյ, Նազանը»։ Հատկանշական է, որ դրանցից ոչ մեկում կոմպոզիտորը չի կրկնվում, այլ հիանալի կերպով իմանալով յուրաքանչյուր կատարողական կազմի հնարավորությունները՝ ամեն անգամ ստեղծում է նոր ֆակտուրա, նոր լադա-հարմոնիկ կոմպոզիցիա։
Այդուհադերձ, խմբերգային տարբերակներն հնչողությամբ ավելի հարուստ են։
Կոմիտասի խմբերգային մշակումներում կարևոր տեղ են զբաղեցնում հորովելները՝ աշխատանքային երգերը, որոնց հիանալի նմուշներից է «Երկրագործի երգը»։ Նրա հիմքում ընկած է հայտնի «Լոռվա գութաներգը», որը Կոմիտասն ուսումնասիրել ու վեր է լուծել իր գիտական աշխատություններում։ «Երկրագործի երգը» կոմպոզիտորի խմբերգերից, թերևս, ամենահարուստն ու զարգացածն է։ Օգտագործելով համեստ միջոցներ՝ քառաձայն երգչախումբ և մեներգիչներ, Կոմիտասը կարողացել է ստեղծել ծավալուն խմբերգային կոմպոզիցիա, բազմաձայն մշակման անթերի նմուշ։
Աշխատանքային խմբերգի մեկ այլ օրինակ է «Կալի երգը», որում միավորված ու մշակված են Կոմիտասի կողմից ձայնագրված ու ուսումնասիրված չորս հորովելներ։ Որպես կենտրոնական թեմա օգտագործված է «Հոլ արա, եզո» երգը, որը ստեղծագործության մեջ երկու անգամ կրկնվում է։ Իսկ «Կալի երգը» այս կոմպոզիցիայում լիովին չի օգտագործված։ Կոմիտասն հանել է առաջին՝ ասերգային հատվածը և թողել միայն երկրորդ ու երրորդ բաժինները, որոնք ունեն հստակ ռիթմ։ «Կալի երգ»-ում դուրս թողնված առաջին բաժնի փոխարեն մտցված է երրորդ՝ «Արի,արի, քե ղուրբան» հորովելը, որը ներդաշնակորեն միաձուլվում է նախորդի հետ։ Կուլմինացիայում օգտագորածված «Հո, հոլել, հոլել, հոլել» հորովելը ստեղծում է լարված պաթետիկ դրվագ՝ արտահայտելով աշխատանքային եռանդի վերելքը։ «Կալի երգ»-ի պարտիտուրն աչքի է ընկնում իր զսպվածությամբ. նրանում չկա ոչ մի ավելորդություն։ Համեստ, հասարակ միջոցներով Կոմիտասն հիանալիորեն բացահայտել է ժողովրդական մեղեդու ողջ հարստությունը և գտել ճշգրիտ, հստակ ուղիներ այն բազմաձայնելու համար։
«Կալի երգը» և «Երկրագործի երգը» նորարարական ստեղծագործություններ են, որոնք հայ պրոֆեսիոնալ երաժշտության առջև բացեցին զարգացման նոր հորիզոններ։
Կոմիտասն ունի մեծ քանակությամբ խմբերգեր, որոնք առ այսօր տարածված են գեղջկական կենցաղում, և որոնց հիմքում ընկած են պարային ծիսական երգերը։ Դրանք, հիմնականում, հարսանեկան պարերգեր են, որոնցում կոմպոզիտորը փորձել է գունեղ կերպով ներկայացնել հայ գեղջկական հարսանեկան ծեսը։ Դրանցից են «Փեսին գովքը», «Փեսին արդուզարդը», «Կատակը», «Մաղթանքը» եւ այլն։
«Փեսին արդուզարդը» կատակային երգում պատկերավոր ներկայացվում է փեսայի հանդերձավորման արարողությունը, «Մաղթանք»-ում՝ ժողովրդի օրհնությունը, բարեմաղթանքներն ու շնորհավորանքները։
«Փեսին գովքը» երաժշտա-կատակային գովերգ է, որտեղ թվարկում են փեսայի արժանիքները։ Այս ժանրի վառ խմբերգերից է «Առավոտուն բարի լուս» ստեղծագործությունը։ Սա մի ամբողջ տեսարան է փեսայի, հարսի և երգչախմբի մասնակցությամբ։ Նրա հիմքում երիտասարդների օրհնության, նշանադրության արարողությունն է, իսկ կրկներգում՝ հարսի գովերգումը։
Կոմիտասն հմտորեն օգտագործել է քառաձայն երգչախմբի և մենակատարների կատարողական հնարավորությունները՝ ստեղծելով վառ կոնտրաստ նուրբ մենակատարային և բուռն մասսայական տեսարանների միջև։
Խմբերգային մշակումներից են «Շողեր ջան»-ը, «Խումարը», «Գնա, գնա»-ն, որոնցում կոմպոզիտորը ստեղծել է ժողովրդական գործիքների հնչողության տպավորություն։
Կոմիտասի խմբերգային երաժշտության հիանալի օրինակներից է «Սոնա յարը», որն աչքի է ընկնում հարուստ հնչողությամբ։ Խմբերգի հիմքում ընկած ժողովրդական պարզ երգը, մշակման ենթարկվելով, առաջ է բերում բազմաձայն կերտվածք, որտեղ ձայներն առանձնանում են ինքնուրույնությամբ՝ միևնույն ժամանակ առաջ բերելով ներդաշնակ հնչողություն։ Կոմիտասյան «Սոնա յար»-ում առկա են «թատերականացված» ծեսի տարրեր։ Այստեղ չկան դրամատիկական բարդ իրադրություններ, կոնֆլիկտներ։ «Սոնա յար»-ն աչքի է ընկնում իր ուրախ, անվրդով, խինդառատ տրամադրությամբ։
Կոմիտասի խմբերգերը, որպես հայ դասական վոկալ արվեստի մեծարժեք նմուշներ, պատվավոր տեղ են գրավում համաշխարհային խմբերգային մշակույթի լավագույն նմուշների կողքին։