ԿՈՄԻՏԱՍԻ ՄԵՆԵՐԳԵՐԸ

Կոմիտասի ստեղծագործական ժառանգության մեջ մեծ տեղ են զբաղեցնեում բուն ժողովրդական մեղեդիների մշակումները, որոնք միշտ եղել են նրա ուշադրության կենտրոնում։
«Հայ ժողովրդական երգերը դաշնակելուց առաջ պետք է քաջ հմուտ լինել հայ ժողովրդի պատմական, բնական և ազգային պայմաններին, եղանակի կազմությանը, ոգուն, ոճին, բառերի իմաստին, մեր ժողովրդական տաղաչափության, ժողովրդի երգեցողության ու արտասանության հանգամանքներին և էլի մի շարք այլ բաների, ապա ձեռնարկել դաշնակելու և հրատարակելու, հակառակ դեպքում միշտ թերի կողմ կմնա»։
Կոմիտասը մշակում էր հայ ժողովրդական երգերը՝ հիմք ընդունելով վերը նշված իր իսկ խոսքերը։
Նրա ստեղծագործությունների հիմքում, ըստ էության, միշտ էլ հայ գեղջուկն է, նրա կյանքը, առօրյան, զգացմունքներն ու հոգսերը։
Հայ ժողովրդական երգի ժանրերի բազմազանությունն ինքնին պայմանավորել է Կոմիտասի երգերում տարբեր ժանրերի առկայությունը՝ լիրիկական, աշխատանքային, էպիկական, ծիսական, կատակերգեր, խաղերգեր, անտունիներ...
Կոմիտասի արվեստում ամենից ավելի լայն ներկայացված են լիրիկական երգերը։ Այդ ժանրի նկատմամբ կոմպոզիտորի ցուցաբերած ուշադրությունն ամենից առաջ պետք է բացատրել լիրիկական երգերի սյուժեների ու տրամադրության հարստությամբ, նրանով, որ դրանցում բացահայտվում են մարդկային ապրումների ամենատարբեր երանգները։ Սակայն, շնորհիվ այդ երգերի մեջ ներխուժած կենցաղային, սոցիալական, պատմական մոտիվների, հումորի տարրերի, Կոմիտասի լիրիկական երգերը գերաճում են իրենց ժանրի, սյուժեների, կերպարների, ավանդական սահմանները՝ առաջ բերելով ներքին ստորաբաժանումներ՝ պայծառ ու կենսահաստատ լիրիկա, խորը հոգեբանական լիրիկա, քնարա-կենցաղային երգեր։
Մեծ ժողովրդականություն են վայելում կոմպոզիտորի «Քելեր-ցոլեր», «Չինար ես», «Քելե-քելե», «Կուժն առա», «Երկինքն ամպել ա» մեներգերը։
«Քելեր-ցոլերը» սիրային լուսառատ լիրիկայի հիանալի նմուշ է։ Սիրելի էակի տեսքով հիանալը, նրան հանդիպելու երազանքը երգին հաղորդում են յուրօրինակ պայծառություն, չնայած նրա խոհական բնույթին։
«Քելե-քելե»-ն ավելի բարդ ու դինամիկ երգ է, որտեղ գովերգվում են սիրած էակի արժանիքները՝ տեսքը, խելքը, քայլվածքն ու կեցվածքը։ Երգում կերպարային կոնտրաստն արտահայտվում է շնորհիվ լադի փոփոխության. մաժորին կրկներգում փոխարինում է մինորը։
Ինքնատիպ մոտեցում է ցուցաբերել Կոմիտասը «Չինար ես» երգում։ Այստեղ չկան հակադիր կերպարներ. պարզապես տրվում է քնարական մի վիճակ՝ իր տարբեր նրբերանգներով։
«Կուժն առա» երգին հատուկ են նուրբ թախծի երանգները։ Այն հաղորդում է մեծ կարոտի զգացմունք, անհաղթահարելի ցանկություն՝ տեսնել սիրեցյալին։
Լուսավոր տրամադրությամբ ու անդորրով է տոգորված «Երկինքն ամպել ա» երգը։ Սահուն մեղեդին ու թափանցիկ ֆակտուրան պարզություն և անմիջականություն են հաղորդում նրան։
Ուժգին ու կրքոտ բռնկումով հերոսը բնության առաջ բաց է անում իր վիշտը «Հով արեք» երգում։ Արտաքուստ սահուն ու զուսպ մեղեդու մեջ կոմպոզիտորը ներդրել է խորը դրամատիզմ։
Կոմիտասյան մեներգերում տխուր, դրամատիկ ու ողբերգական լիրիկայի նմուշներից է «Գարուն ա»-ն։ Նրա հիմնական թեման լքված աղջկա ողբերգությունն է։ Կոմպոզիտորը բնությունն համեմատում է մարդկային ապրումների հետ։ Գարնանը, երբ ամեն ինչ պետք է ծաղկի ու կանաչի, ձյուն է եկել. երիտասարդ աղջկան, որի սրտում պետք է սերը ծաղկի, լքել է սիրեցյալը։ Կոմիտասյան «Գարուն ա»-ն դրամատիկ ստեղծագործություն է՝ տոգորված խորը արտահայտչականությամբ։ Եթե այլ երգերում դաշնամուրային նվագակցությունն հանդես է գալիս որպես ֆոն, ապա «Գարուն ա»-ում այն նպաստում է ողբերգական տրամադրության բացահայտմանը։
Կոմիտասի լիրիկական մեներգերում մեծ տեղ է հատկացված բնաշխարհին։ Երաժշտական հիանալի «բնապատկերներից» է «Ալագյազը», որտեղ նկարագրվում է գեղահասակ սարը՝ ամպերով շրջապատված, հանկարծ տեղացած անձրևը, թուխպերի ետևից դուրս նայող արևը... Այս ամենն ավելի պատկերավոր է դարձնում դաշնամուրային նվագակցությունը, որը նպաստում է գեղարվեստական կերպարի ամբողջացմանը։
Բնության գեղեցիկ պատկեր է տրվում անխռով ու լուսավոր «Էս առուն» երգում։ Դաշնամուրային պարտիան արտացոլում է առվակի հանգիստ ու անվրդով կարկաչը՝ ընդգծելով հոգեկան անդորրն ու մեղմ հույզերը։
Կոմիտասի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ժողովրդի տառապանքն ու վիշտը նկարագրող պանդխտության երգերը։ Դրանցում սուր կերպով հնչում է սոցիալական թեման, արտացոլվում է «տնավեր» ժողովրդի չարքաշ վիճակը, հայ շինականի անուրախ բախտը։ Պանդխտության երգերի հիմնական հերոսը ղարիբն է, որը կյանքի ծանր պայմաններից դրդված թողել է հայրենիքն ու ընտանիքը և մեկնել հեռուներ՝ բախտ որոնելու։
Հոգեբանական խորության տեսակետից դրանց մեջ ամենացնցող նմուշն «Անտունին» է, որտեղ պանդուխտի կերպարն ստացել է իր զարմանալի ուժեղ և ընդհանրացված նկարագիրը։ Վեհ և խստաշունչ է երգի մեղեդին։ «Անտունիի» հարուստ ու ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Երաժշտագետ Ա.Շահվերդյանի պնդմամբ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ձևի բացառիկ հարստությամբ ու բարդությամբ աչքի ընկնող «Անտունիի» մեղեդին ոչ թե ժողովրդական է, այլ ստեղծել է ինքը՝ Կոմիտասը՝ հիմնվելով այդ ժանրի երգերի մեղեդային, ինտոնացիոն, ռիթմական առանձնահատկությունների վրա։
Պանդխտության երգերում որպես սիմվոլիկ կերպար հանդես է գալիս կռունկը։ Այրող ցավով են տոգորված պանդուխտի խոսքերը «Կռունկ»-ի մեջ, որտեղ թռչունին դիմելով՝ տարագիր հայը պատմում է իր տառապանքների մասին։ «Մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս» համառորեն կրկնվող հարցը, որ հնչում է երգի յուրաքանչյուր քառյակի վերջում, ուժգնորեն շեշտում է պանդուխտի սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ։
Մեկ այլ՝ «Կանչե, կռունկ» երգում հայրենիքի սիրո թեման միահյուսվում է լիրիկականին։ Կոմիտասյան մշակումն է՛լ ավելի է ընդգծում ժողովրդական երգի պոետիկական գեղեցկությունն ու խորությունը։
Պանդխտության երգերին բովանդակությամբ հարում է «Ծիրանի ծառը»։ Այստեղ պատկերված է հայ գեղջուկի ընչազուրկ վիճակը, որին անարդարությունն ու աղքատությունն հասցրել են հուսահատության դուռը։ Դա ծավալուն կոմպոզիցիա է, որտեղ կոմպոզիտորն, ըստ էության, միավորել է երեք երգ՝ «Ծիրանի ծառ», «Հա տվեք» և «Հով, հով, հովն ընկավ»։ Վերջին երկուսն իրենց բնույթով ու բովանդակությամբ ավելի համեստ են և ներդաշնակ կերպով լրացնում են «Ծիրանի ծառ»-ին։
Կոմիտասյան մեներգերը հայ երաժշտության բարձրարժեք նմուշներից են, որոնք առ այսօր շարունակում են զարմացնել ու հիացնել։